«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը՝ մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական եւ լուռ ակցիա: Այս մասին հայտնում է նախաձեռնության կայքը: «Հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականացնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:

Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որեւէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի եւ ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:

Յուրահատուկ ու խորհրդանշական ձեւով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որեւէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան եւ կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:

Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի եւ հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ « Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ունի իր միջոցառումը ժամը 12:30-ին ՍԴ-ի դիմաց եւ որեւէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու:

Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, եւ կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում»,- ասվում է հայտարարության մեջ: