Մինչեւ 2025թ. Հայաստանը նախատեսում է 60 հազար նոր աշխատատեղ ստեղծել, մարտի 27-ին կառավարության նիստից հետո  լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Այդպիսի նպատակ է հետապնդում մինչեւ 2025թ. Հայաստանի գյուղատնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը: Նախարարը հավելել է, որ այդ աշխատատեղերը պետք է բարձր վճարվող լինեն, իսկ զբաղվածությունը՝ պաշտոնական: «Ընդ որում՝  մենք ցանկանում ենք շեշտը դնել ոչ ագրարային աշխատատեղերի զարգացման վրա», - պարզաբանել է նախարարը: Լավատեսական սցենարի դեպքում Հայաստանում տնտեսական աճը  նախատեսվում է տարեկան 4 – 4,5%:

Մյուս մակրոտնտեսական նպատակային ցուցանիշներն են պահանջարկի աճը ՀՆԱ-ի նկատմամբ՝ 2 -3 տոկոսով: ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է նվազեցնել 2 տոկոսով, նախնականը՝ 1,4%-ով, որպեսզի այն հասցվի զրոյի:

Նախատեսվում է աջակցել մի շարք նպատակային բնագավառների: Նախարարը դրանք չի նշել՝ հայտարարելով, որ ծրագրի մեծ ծավալի պատճառով բոլորն անհնար է նշելը: Այսպես թե այնպես, հավելել է նա, նախատեսվում է մեծացնել փոքր եւ միջին բիզնեսին ցուցաբերվող աջակցությունը:

Հայեցակարգում ներառված չեն արտաքին իրադարձությունները՝ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունների վատացումը, կուտակային կենսաթոշակային բարեփոխումը եւ այլն: «Ամեն ինչ կարելի է հաշվի առնել եւ կանխատեսել միայն այնտեղ», - ասել է նախարարը՝ վերեւ նայելով: «Մենք ընդհանուր փաստաթուղթ ենք կազմում, ըստ որի էլ ձեւակերպելու ենք ծախսերի միջնաժամկետ ծրագրերը եւ պետբյուջեն՝ ամեն տարվա համար», - նշել է Ավանեսյանը: