Ուկրաինայի ՆԳՆ-ն ձերբակալման ժամանակ Ալեքսանդր Մուզիչկոյի («Սաշկո Բելի») մահվան հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողով է ստեղծել: Այս մասին բրիֆինգի ժամանակ նշել է ՆԳ փոխնախարար Նիկոլայ Վելիչկովը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի կազմում են իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնք ծանոթ են քննության մանրամասներին եւ համապատասխան որակավորում ունեն: Բացի այդ, ստեղծվել է դիտորդական խորհուրդ, որում ընդգրկվել են քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ եւ լրագրողներ:
«10 օրերի ընթացքում հանձնաժողովը պետք է հետաքննություն անցկացնի եւ որոշում կայացնի Մուզիչկոյի ձերբակալման ժամանակ զենք օգտագործելու իրավաչափության վերաբերյալ: Հանձնաժողովի աշխատանքի ժամանակ նրա գործունեության մասին տեղեկություններ չեն հրապարակվի: Հանձնաժողովի աշխատանքի մասին կտեղեկացվեն «Աջ հատվածի» ներկայացուցիչները եւ Մուզիչկոյի ձերբակալությունն իրականացրած ստորաբաժանման աշխատակիցները: Հանձնաժողովի աշխատանքին կարող են միանալ հասարակական գործիչներ եւ պատգամավորներ»,-ասել է Վելիչկովիչը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Նա նաեւ հավելել է, որ նշանակություն չունի, թե ով է մահացել ձերբակալման ժամանակ: «Պարզապես, հաշվի առնելով գործի հնչեղությունը, շահարկումներից խուսափելու համար ուզում ենք ամեն բան բաց անել: Բոլոր արդյունքները կհրապարակվեն»,-ասել է նա:




























