Դաշնայնացումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման միակ ելքն է, իր բլոգում գրել է «Ուկրաինայի ընտրությունը» հասարակական շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը:

«Խաղաղություն երկրի քաղաքացիների շրջանում. Սա է ուժեղ Ուկրաինայի դեղատոմսը, որն առաջարկել էր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Ճգնաժամից դուրս գալու համար նա ուկրաինացի գործընկերներին խորհուրդ էր տվել արագ լուծել ծայրահեղականության խնդիրը, դաշնայնացում իրականացնել եւ լեզվական քաղաքականության հարցերին չմիջամտել:

Ափսոս, որ Չեխիայի նախագահի խորհուրդներն Ուկրաինայի իշխանությունը չլսեց: Բարձրաստիճան պաշտոնյաները ճգնաժամից ելքեր որոնելու փոխարեն զբաղված են… վարկեր որոնելով:  Նրանք չեն ցանկանում հասկանալ, որ ոչ մի դրամաշնորհ էլ Ուկրաինային չի օգնի ոտքի կանգնել, քանի դեռ երկրում բիզնեսը վարելու, ներդրումներ կատարելու նորմալ պայմաններ չկան», - գրում է Մեդվեդչուկը:

«Բազմազգ, բազմամշակույթ, բազմալեզու երկրում որեւէ օրենք ընդունելը  նման է պայթուցիկի պահեստում բռնկմանը:  Այսօր Ուկրաինայի մարզերում հենց այդպիսի իրավիճակ է՝ ոչ միատարր, պայթյունավտանգ, լարված:  Երկիրը պառակտված է, բաժանված մասերի, եւ այդ պայմաններում փլուզվելուց փրկության միակ միջոցը կարող է դառնալ դաշնային համակարգը», - կարծում է շարժման առաջնորդը:

«Դաշնային կառուցվածքի մասին՝ որպես երկրի տարածքային ամբողջականությունը պահպանող միջոց, մշտապես խոսում են մեր հարեւանները՝ ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում: Վերջերս այդ մասին հայտարարել էր նաեւ Շտեֆան Զայցբերգը՝ Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչը, այժմ՝ Միլոշ Զեմանը:

Ցանկանում եմ հուսալ, որ պաշտոնական Կիեւը կլսի եվրոպացի գործընկերների կարծիքը: Եթե, իհարկե, նոր իշխանությունն իսկապես պատրաստ է երկիրն ազատել կենտրոնի բռնապետությունից եւ ընդլայնել մարզերի լիազորությունները: Հակառակ դեպքում՝ հայտարարությունը կարելի է գնահատել որպես պոպուլիզմ», — հայտնել է Մեդվեդչուկը, հաղորդում է ՈՒՆՆ-ը: