Եթե Վլադիմիր Պուտինը հետեւի ավանդական ռուսական ռազմական հայեցակարգին, ապա, հնարավոր է, ձգտի Ուկրաինայում ճգնաժամի դեէսկալացիայի եւ չգնա Ղրիմի հետագա անեքսիայի ճանապարհով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը՝ հավելելով, որ Արեւմուտքը չպետք է ռազմականացնի այդ հակամարտությունը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հանել լարվածությունը Պուտինի հետ հարաբերություններում՝ խուսափելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ագրեսիվ ռազմական արձագանքներից, փոխարենը պետք է օգտագործել ազդեցության դիվանագիտական եւ տնտեսական լծակները:
«Այն, թե ինչպես է դրանք օգտագործում Պուտինը եւ ազգայնական տրամադրությունները, որոնցից նա օգտվում է, ստիպում են մտածել, որ Արեւմուտքի առավել ագրեսիվ ռազմական արձագանքը ձեռնտու կլինի նրան»,-ասել է Հեմոնդը լրագրողների եւ Վաշինգթոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների փոքր խմբի հետ զրույցում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք գիտենք, որ ռուսական ռազմական հայեցակարգը ենթադրում է էսկալացիա, հետագա դեէսկալացիայի համար: Ուստի հիմա մենք ուշադրությունը սեւեռում ենք դեէսկալացիայի վրա: Մենք չպետք է բացառենք հնարավորությունը, որ էսկալացիան, որին մենք ականատես ենք հիմա, դա իսկապես դասական ռուսական ռազմական հայեցակարգի իրականացում է»,-ասել է նա:




























