Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանին ծեծի ենթարկելու եւ դեմքին կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այդ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով: Բժշկին վնասվածք հասցրած անձինք առայժմ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորք Մարաշում, մարտի 21-ին, Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանին ծեծի են ենթարկել ու կրակել դեմքին: Կեսօրին մոտ հիվանդանոց այցելած երկու երիտասարդ (20-21 տարեկան), բակում վիճաբանել են Կարեն Մուրադյանի հետ, ինչի ընթացքում հարվածել են նրա դեմքին, ապա նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է բժշկի դեմքին: Կրակոցներից հետո երկուսն էլ, որոնք եղբայրներ են եղել, դիմել են փախուստի: «Բժիշկը գալիս էր աշխատանքի, իրենք երկուսով էին՝ մեքենայով, մի ընկեր էլ դուրսն էր. ասացին՝ ճանապարհը բաց թող, նեղ տեղ էր, բժիշկն էլ, թե կարող եք անցնել այս ճանապարհով, տեղ կա անցնելու, դրանք էլ՝ քեզ որ ասում ենք քաշի ավտոդ, ուրեմն՝ քաշի, բժիշկն էլ՝ մի քիչ քաղաքավարի խոսեք: Այդ խոսքերից հետո իջել են մեքենայից, խփել եւ գազային ատրճանակով կրակել դեմքին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը:




























