ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը այսօր՝ մարտի 27-ին, բողոքի ակցիա անցկացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ու նամակ հանձնեց գրասենյակին՝ պահանջելով, որ ՄԱԿ-ը դատապարտի Թուրքիայի գործողությունները Քեսաբում եւ հնարավորություն տա քեսաբահայերին վերադառնալ իրենց բնակավայր (ֆոտոռեպորտաժ

Ակցիայի մասնակիցները «Քեսաբը մերն է, մերն է լինելու», «Մահ Թուրքիա պետությանը», «Ոչ Քեսաբի հայաթափմանը» վանկարկումներով եւ «Stop continuing genocide» պաստառներով եւ դրոշներով ՀՅԴ գրասենյակից շարժվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

Չնայած հորդառատ անձրեւին ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ ՄԱԿ-ի գրասենյակից որեւէ մեկը իրենց չպատասխանի։

«Չենք թողնելու մեր երկրում ՄԱԿ-ը մեզ արհամարհի, արհամարհելու հետեւանքները ավելի վատ են լինելու»,-հայտարարեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը։

«Իջեք, իջեք», «ՄԱԿ քո գործը կատարի» վանկարկումներով ակցիայի մասնակիցները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում սիրիահայերը, պահանջում էին, որ ՄԱԿ-ի գրասենյակից որեւէ մեկն իրենց պատասխանի։

Մի քանի րոպե անց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Անվտանգության հարցերով պատասխանատու Սերգեյ Շիպիլովը իջավ եւ լսեց ակցիայի մասնակիցների պահանջը։

«Պահանջում ենք, որպեսզի ՄԱԿ-ը դատապարտի Թուրքիայի գործողությունները եւ հնարավորություն ընձեռի քեսաբահայերին վերադառնալ իրենց տարածքները։ Դրանք հայկական տարածքներ են, դրանք գաղթօջախներ չեն եւ ՄԱԿ-ը իր պասիվ կեցվածքով  սատարում է հակահայկական քաղաքականությանը եւ Թուրքիայի ցեղասպանության շարունակության քաղաքականությանը»,-ասաց Գերասիմ Վարդանայանը ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին՝ նշելով, որ պահանջում են, որ իրենց համապատասխան գրավոր պատասխան տան, այլապես իրենք այլ գործողությունների կդիմեն։

Սիրիահայ Գեւորգ Միազբեկյանի խոսքով՝ եթե հարկ լինի իրենք կգնան եւ արյան գնով Քեսաբը հետ կբերեն. «Հերիք է, թուրքի արածը մենք շատ կրեցինք, միայն խոսքով չէ, պետք է գնանք եւ ամեն գնով հետ բերենք մեր Կիլիկիո թագավորության վերջին մնացած կտորը»։

Ակցիայի մասնակիցները հայրենասիրական երգեր երգեցին եւ հեռացան։

Նշենք, որ ակցիային մասնակցում էր նաեւ Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am