Գյումրիի նախկին քաղաքապետ, Վարդան Ղուկասյանը ծանոթ չէ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի՝ իր մասին արված հայտարարությանը: Վարդան Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է անպայման ծանոթանալ այդ հայտարարությանը եւ պատասխանել: «Չգիտեմ ինչ է հայտարարել, կկարդամ կպատասխանեմ յուրաքանչյուրին, ով օրենքից դուրս, ով օրենքի մեջ ինձ վիրավորի, անպայման իրենը կստանա, բայց առաջին հերթին ձեզ եմ կոչ անում, որ դուք ձեր տեղը մնաք, մարդկանց իրար չկռվացնեք, մեղք եք»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
Փոխարեն Շիրակի մարզի ոստիկանապետի հայտարարություններին անդրադառնալու՝ լրագրողների նկատմամբ առանձնակի «ջերմ եւ հարգալից» վերաբերմունք ունեցող նախկին քաղաքապետը այս անգամ եւս առիթը բաց չթողեց անդրադառնալու չորրորդ իշխանության ներկայացուցիչներին: «Ես դատարակաբանություններին չեմ ուզում պատասխանել, եթե որեւիցե մեկը ինձ կվիրավորի, ես կկարդամ, ըստ այդմ՝ կպատասխանեմ յուրաքանչյուրին: Նմանատիպ լրատվական կառույցներին էլ կասեի, որ էդ հիմարությունը վերջացրեք ձեր մեջից, դատարկաբանություն եք դուրս տալիս, հո դուք սատանա չե՞ք, ընկել եք ժողովրդի ջանին, ի՞նչ եք ուզում, այ ձեր լրագրողները սատանայի գործակալներ են, որ դիտավորյալ մարդկանց իրար եք կռվացնում: Որ մարդկանց իրար եք կռվացնում, ուրախանո՞ւմ եք, ձեր աշխատանքի ոճը ի՞նչ է՝ մարդկանց կռվըցնե՞լը, դրա համար ձեզ վարձատրո՞ւմ են, ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք ընկել ժողովրդի մեջ, ինչի՞ եք մարդկանց կռվացնում, իրար խփել տալիս, ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք բանսարկությամբ զբաղվում, անհարմար չե՞ք զգում»,- նման խելք, խրատով հանդես եկավ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում ազգականները կապված են մի շարք աղմկահարույց քրեական գործերի հետ:
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի աթոռը կորցնելու մտքի հետ չհամակերպվող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պահվածքը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կարծիքով՝ ավելի շատ հոգեբանական, քան քրեական խնդիր է։ Գյումրու աշխատակիցներից մեկի հարցին, թե ինչու է Գյումրիում գործում երկու քաղաքապետարան եւ երկու քաղաքապետ, եւ արդյոք դա օրենքի սահմաններում է, ոստիկանապետը պատասխանել է. «Կոնկրետ դա մարդկանց անդաստիարակության, անպարկեշտության, չգիտեմ՝ գուցե եւ հոգեկան ներաշխարհի հետ խնդիրներ ունենալու հետեւանքն է, դա քրեորեն պատժելի երեւույթ չի, եթե մարդը բացել ա, նույն հաջողությամբ կարող է բացել մարզպետարան կամ, չգիտեմ, Մայքլ Ջեքսոն, իր օֆիսի անունը կարա դնի Մագնոլիա, ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, էստեղ հոգեբանականի հետ է խնդիրը, էդ գործողությունների մեջ ոչ մի կրիմինալ կամ նման բան չկա, դա շատ վատ երեւույթ ա ,ամոթ երեւույթ ա, եւ նման երեվույթները չգիտեմ ինչ-ինչ պատճառներով ծնվեցին, բայց այեւս թույլ չենք տալու անդաստիարակ քայլեր»։




























