Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այնուհետեւ ՀՀ վարչապետը եւ «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել մեր երկրի բանկային համակարգի զարգացման աստիճանը եւ նշել, որ մտադիր են էապես ավելացնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի կապիտալը, ինչը կնպաստի շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը:

Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը եւ կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը: