Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջովաննի Ռիչուլլիին:

«Շնորհավորում եմ բարդ եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր գործընկերային հարաբերությունները այսուհետ եւս կշարունակվեն: Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր եւ հաճելի աշխատանք»,-ողջունելով հյուրին՝ նշեց նախարարը:

Քանի որ դեսպանի այցը քաղաքավարական եւ ճանաչողական էր, նրա խնդրանքով նախարարը ներկայացրեց սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝  աշխատանքի եւ զբաղվածության, ինտեգրված սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Նախարաը խոսեց նաեւ 2009-2011թթ. ընթացքում Իտալիայի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված  «Հայաստանից եւ Վրաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելում եւ օրինական միգրացիայի դրական ազդեցության բարձրացում» ծրագրի մասին, որի շրջանակներում Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից նախկինում ստեղծված Միգրացիոն ռեսուրս կենտրոնը 2010թ. փոխանցվել է նախարարությանը, կազմակերպվել են աշխատանքային միգրացիայի վերաբերյալ լայնածավալ վերապատրաստումներ, իրականացվել է հայաստանյան աշխատուժի ներուժի վերաբերյալ ուսումնասիրություն, պատրաստվել է Հայաստանում միգրացիայի առնչությամբ տվյալների հավաքագրման, մշակման եւ տարածման վերաբերյալ զեկույց: Իտալական փորձն ուսումնասիրվել է Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման նպատակով:

Պարոն դեսպանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտը կարեւորագույնն է ցանկացած երկրի համար, խնդիրները, չնչին բացառություններով,  նման են տարբեր երկրներում, եւ ինքը պատրաստ է իր անձնական ներդրումն ունենալ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտների համագործակցությունը շարունակելու գործում: