Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մարտի 27-ին, ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, եւ նրանց հետ քննարկել պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության առկա ոլորտների եւ հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարեւորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: