Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության հայտարարությունը, ըստ որի գրանցում չունեցող Ղրիմի բնակիչները պետք է լքեն հանրապետության տարածքը, Ուկրաինան գնահատում է որպես արտաքսման հերթական ալիք: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը, հաղորդում է Censor.net-ը:

Նրա խոսքով՝ ՌԴ դաշնային միգրացիան ծառայության ղեկավար Վիկտորյա Գիչկոն հայտարարել է, որ այն քաղաքացիները, որոնք ապրում են Ղրիմում եւ մարտի 18-ի դրությամբ չունեն գրանցում, պետք է դուրս գան թերակղզու սահմաններից:

«Հիմա մենք ականատես ենք նրան, որ Ռուսաստանը պատրաստվում է արտաքսման հաջորդ ալիքին, եթե այն, ինչ ասում է Գիչկոն, համապատասխանում է իրականությանը»,-ասել է Պերեբիյնիսը: Նա հավելել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատանքներ է իրականացնում միջազգային իրավական մակարդակում Ղրիմի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: