Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է մասնակցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, որը մեկնարկում է ապրիլին, սակայն դեռ չի որոշել՝ ինչպես արձագանքել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերանայելու եւ Մոսկվային ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ պատվիրակների նախաձեռնությանը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Այսօր՝ մարտի 27-ին, մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով կառավարական շրջանակների աղբյուրները, հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը կարող է դադարեցնել իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, եթե վերջինս հակառուսական նախաձեռնություններ քվեարկության դնի:
«Ներկայումս ռուսական պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Ստրասբուրգ, բայց այն, թե ինչպես մենք կարձագանքենք հակառուսական նախաձեռնություններին, որոնք առաջ են քաշվում ԵԽԽՎ-ում, դեռեւս վերջնականապես որոշված չեն»,-ասել է նա:
Ներկայումս ԵԽԽՎ-ում քննարկվում են երկու առաջարկներ, որոնք վերաբերում են Ռուսաստանին: Առաջինը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ուոլթերը, ով առաջարկում է «վերանայել ռուսական պատվիրակության լիազորությունները»: Այս պահին այդ նախաձեռնության տակ ստորագրել է 74 պատվիրակ:
Երկրորդ առաջարկությունը ներկայացրել է Դանիայի պատվիրակության անդամ Մայքլ Աաստրուպ Յենսենը: Նա առաջարկում է ռուսական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Այս նախաձեռնությանն աջակցել է 53 պատվիրակ:
ԵԽԽՎ բյուրոն առաջարկությունները քննարկում է այն բանից հետո, երբ այն հավաքում է 20 պատվիրակի ստորագրություն: Դրանից հետո Բյուրոն կարող է վճիռ կայացնել նախաձեռնությունները ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:
Առաջարկները կարող են քննարկվել միասին:




























