Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մարտի 27-ին, ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ եւ բարձր գնահատել Հայաստան - ՆԱՏՕ փոխգործակցությունը:
ԱԳՆ մամուլի ծառայություննից հայտնում են, որ Նալբանդյանը նշել է, որ դրանում իր կարեւոր ներդրումն ունեն խորհրդարանական ձեւաչափով շփումները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրել է տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին:
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի եւ դրա հանգուցալուծման ուղիների շուրջ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետեւանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ:




























