Թուրքիայի ԱԳ նախարարի , փոխնախարարի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիայի վերաբերյալ խոսակցություններն ինտերնետում հայտնվելուց ժամեր անց Թուրքիայում արգելափակվել է YouTube վիդեոհոսթինգը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, թե տեխիկական եւ իրավական ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել Youtube-ի նկատմամբ վարչական միջոց կիրառել։
Նշենք, որ այս որոշումից ժամեր առաջ ինտերնետում հայտնվել էր հույժ գաղտնի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը, որը հաստատում է, որ Թուրքիան սադրանքներ էր իրականացնում Սիրիային պատերազմի մեջ ներքաշելու համար եւ մեծ աջակցություն ցույց տալիս ահաբեկչական խմբավորումներին։
Սենյակում արված գաղտնալսման մեջ Դավութօղլուն խոսում է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, երբ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա եւ այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։
Այնուհետ Դավութօղլուն շարունակում է՝ ասելով. «պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա»։
Այդ ընթացքում Հաքան Ֆիդանը նշում է, թե իրենք մոտ 2000 բեռնատար զենք են ուղարկել Սիրիա, որին հակադարձում է Յաշար Գյուլերը՝ պնդելով, թե այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա։




























