ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բանաձեւին, որի տեքստում ճանաչվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը: բանաձեւի օգտին քվեարկել է ՄԱԿ-ի անդամ 100 երկիր, դեմ են եղել 11-ը՝ Ռուսաստանի գլխավորությամբ:

Երկրների մի մեծ մաս (58 երկիր), Չինաստանի գլխավորությամբ, ձեռնպահ են մնացել:

Այս որոշման հեղինակներն են Գերմանիան, Կանադան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լեհաստանն ու Ուկրաինան, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Արդյունքում համահեղինակ են ցանկացել դառնալ մեծ թվով երկրներ, որոնց թվում են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Շվեդիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իսլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Նորվեգիան եւ այլն:

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան նիստում հայտարարել է, որ այդ բանաձեւը դնում է ՄԱԿ-ի գոյության անհրաժեշտության հարցը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Չուրկինը կրկնել է Ռուսաստանի դիրքորոշումը: Նրա ելույթում միակ նոր բանը եղել է այն, որ նա մեղադրել է Ուկրաինային, որ Կիեւում Մայդանում Արհմիությունների տանը եղել է ԱՄՆ դեսպանատան շտաբը եւ հենց այդտեղից են կրակել մարդկանց ու ուժայինների վրա:
ԵՄ ներկայաացուցիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները միանշանակ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում Ռուսաստանի կողմից ուժի կիրառումը՝ իր միջազգային շահերն առաջ մղելու համար: