Ես ոչ մի հարաբերություն չունեմ Վիկտոր Մեդվեդչուկի հետ եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ մի բանակցություն ես չեմ վարում: Այս մասին, Կիեւում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ պատասխանելով հարցին, թե ինքը կապեր ունի՞ Պուտինի մերձավոր Մեդվեդչուկի հետ:

Տիմոշենկոյի խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո ինքը Մոսկվա չի մեկնել: «Ես բացարձակապես չեմ եղել Մոսկվայում, դա հեշտ է ստուգել»,-ասել է նա:

Նախկին վարչապետը պնդել է, որ Պուտինի հետ բանակցություններ կարելի է վարել միայն համաշխարհային առաջնորդների հետ միասին: «Այս իրավիճակը կարելի է կարգավորել բացառապես աշխարհի առաջատար երկրների առաջնորդների եւ անձամբ Պուտինի միջեւ բանակցություններովԼ Եթե այդ բանակցությունները կարողանային օգնել Ուկրաինային, ես կգնայի եւ կխոսեի: Բայց Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները, ըստ էության, կարող են վարվել միայն կապիտուլյացիայի մասին: Ես այդպիսի բանակցությունները չեմ ճանաչում»,-հայտարարել է Տիմոշենկոն:

Նա նաեւ նշել է, որ Պուտինին համարում է Ուկրաինայի թիվ մեկ թշնամին: