17-ամյա Հայկին ոստիկանությունում ստիպել են Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 20-ամյա Տիգրանի սպանությունը «վերցնել իր վրա»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկի մայրը` Նարինե Արիստակեսյանը:
«Տղուս էդ օրը մտերիմ ընկերը զանգեց ու ասաց, որ գա Պոլիտեխնիկի մոտ` կռիվ կա, տղաս էլ վեր կացավ ու գնաց, բայց ինքը Տիգրանին չի խփել, ոչ մի բանի չի խառնվել, բայց ոստիկանները սաղ սարքեցին տղուս գլխին, ոստիկանությունում էլ ստիպել են, վախացրել են, որ մորդ ու քրոջ մասին մտածելով ցուցմունք գրի, որ դու ես սպանել Հայկին»,- անցած տարվա ապրիլի 9-ի ողբերգական դեպքի մանրամասներն է պատմում տիկին Նարինեն:
Կալանավորված երիտասարդի մայրը պատմեց, որ որդին ու ընկերները մահացած Տիգրանի ու վերջինիս ընկերների հետ երկար ժամանակ կոնֆլիկտի մեջ են եղել: Այդ օրն էլ երեք անգամ վիճել են: Վերջինը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ էր, ժամը 12-ի սահմաններում: Մոտ 30 տղա երկու խմբի բաժանված, վիճել են, որի ընթացքում Տիգրանին երեք անգամ դանակի հարված են հասցրել, որի հետեւանքով վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքից անմիջապես հետո ոստիկաններն էլ բերման են ենթարկում Հայկին:
«Անչափահաս տղայիս առանց մեր համաձայնության բռնել, տարել ու հարցաքննել են էն դեպքում, որ անչափահասին առանց թույլտվության հարցաքննել չի կարելի: Իրական մեղավորներին նույնիսկ չեն էլ փորձել գտնել, որովհետեւ միլիցեքի երեխեք են եղել, դրա համար սաղ տղայիս գլխին ջարդեցին»,- ասաց Հայկի մայրը:
Տիկին Նարինեի խոսքով` որդուն երբեք փորձաքննության չեն ենթարկել, հագուստի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, իսկ քննիչն էլ հետաքննություն չի անցկացրել:
«Չեմ հասկանում` ոնց կարող էին նման մեղադրանք առաջադրել, ախր ոչ մի ապացույց չկա, քննիչը ոչ մի բան էլ չի արել: Մի տարի ա` չէին իմանում` ինչ հիմքով գործն ուղարկեն դատարան: Տղուս էլ առանց պատճառի փակել են ու սաղ կյանքը խորտակել»,- հուզված պատմեց տիկին Նարինեն:
Հայկի հարազատները չեն հավատում, որ մանկավարժի եւ մանրանկարչի ընտանիքի մեծացած տղան կարող է նման սպանություն գործել:
«Խելոք, գերազանց սովորող տղա էր Հայկը: Լիքը պատվոգրեր եւ շնորհակալագրեր ունի: Խուլիգանական ոչ մի բան չի ունեցել»,- ավելացրեց Հայկի մայրը:
Նշենք, որ Հայկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական նիստի օրը:




























