Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման բացառում է ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»:
«Ես չեմ հավատում, որ ռազմական գրոհ կլինի Ուկրաինայի դեմ, որովհետեւ դրա գինը Ռուսաստանի համար էլ շատ մեծ կլինի: Ես նույնիսկ չգիտեմ, հնարավո՞ր է հաշվարկել այդ գինը»,-ասել է Կուչման:
Միաժամանակ, նա ուկրաինացի գործիչներին նախազգուշացրել է ձեռնպահ մնալ իշխանության համար բուռն պայքարից, ինչը, Կուչմայի կարծիքով, կարող է հանգեցնել երկրի պառակտման: «Այն, որ շատ ռուսաստանցի շատ քաղաքական գործիչներ չեն տեսնում միասնական Ուկրաինա, դա անգամ հասկանալի է: Ուստի եթե մենք հետագայում եւս ձգենք պարանը, կարող ենք իսկապես հասնել նրան, որ Ուկրաինան բաժանեն»,-ասել է նա:
Նախկին նախագահը համարում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը առեւտրային կլինի: «Հիմա մենք վստահ ենք, որ տնտեսական վիճակը վատանալու է: Պարտադիր կլինի առեւտրային պատերազմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Դրանից հնարավոր չէ խուսափել»,-ասել է Կուչման:




























