Բրիտանացի ոստիկաններն ու փորձագետները, որոնք հետաքննում են նախկին ռուսաստանցի գործարար Բորիս Բերզովսկիի մահվան հանգամանքները, բացառել են նրա սպանության վարկածը: Այս մասին հայտարարել է դատական բժիշկ Ռեյմոդ Ֆիշը՝ հանդես գալով դատարանում: Դատաքննությունը տեղի է ունենում Լոնդոնից ոչ հեռու գտնվող Վինձոր քաղաքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռեյմոդ Ֆիշը հետաքննության արդյունքներով 22-էջանոց զեկույց է պատրաստել , որը ներկայացվել է Բերքշիր կոմսության կորոներ Փիթեր Բեդֆորդին, որն իրականացնում է քննությունը:

Բեդֆորդը հայտարարել է, որ իր ողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում չի հանդիպել նման մանրակրկիտ տոկսիկոլոգիական հետազոտության:

Զեկույցում բրիտանացի փորձագետները, մասնավորապես, նշել են, որ քննությունը ոչ մի նշան չի հայտնաբերել, որ Բերեզովսկիին սպանել են:

Նախկին ռուսաստանցի օլիգարխ Բերեզովսկիին, որը 2000 թվականից բնակվում էր Լոնդոնում, նախորդ տարվա մարտի 23-ին մահացած էին գտել Լոնդոնից արեւմուտք գտնվող Ասքոթ քաղաքի իր տանը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, առավել հավանական է համարվում ինքնասպանության վարկածը: