ԱՄՆ-ի Կոնգրեսը միաձայն դեմ է արտահայտվել Ռուսաստանին Ղրիմի միացմանը եւ կողմ՝ ռուսների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն ԱՄՆ-ից: Այսօր Ամերիկայի Կոնգրեսը միաձայն հաստատել է Ուկրաինային օգնության տրամադրման եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին օրենքները: Օրենքներն առանձին ընդունել են Սենատն ու Ներկայացուցիչների պալատը:

Այդ կերպ օրենսդիրները ցույց են տվել իրենց միասնականությունն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, ով արդեն հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա շրջապատի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին:

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից ընդունված օրենքներից յուրաքանչյուրը նախատեսում է 1 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրում Ուկրաինային, ինչպես նաեւ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ ագրեսիայի համար:

«Նախագա Պուտինը հետեւում ու սպասում է, որպեսզի տեսնի, ունենք արդյոք մենք գործելու վճռականություն»,- հայտարարել է սենատոր բոբ Մենենդեսը, ով նաեւ Սենատում արտաքին գործերի կոմիտեի նախագահն է:

Մենենդեսը հայտարարել է, որ Սենատի օրինագիծը մեկ մլրդ դոլար վարկ կտրամադրի Ուկրաինային տնտեսության կայունացման, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կառուցման համար: ԱՄՆ-ը կաջակցի նաեւ ուկրաինական կառավարությանը վերադարձնել կոռուպցիայի մեջ ներքաշված նախկին կառավարական գործիչների հաշիվները: Օրենքը պատժամիջոցներ է սահմանում նաեւ, որոնք, մասնավորապես, նախատեսում են ռուս պաշտոնյաների եւ նրանց օժանդակողների հաշիվների սառեցում, որոնք պատասխանատու են ուկրաինական ինքնիշխանության խախտման համար, կամ մասնակից են Ուկրաինայում կոռուպցիոն գործընթացներին:

«Պուտինին օժանդակողները պետք է հասկական, որ Պուտինն «այն ձին չէ, որի վրա արժե դրույքներ կատարել»,- հավելել է Մենենդեսը: