ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց պատասխանել, թե արդյոք քեսաբահայությանը դրամական օգնություն կտրամադրվի, թե ոչ:

«Քեսաբի ցավալի դեպքերի հետ կապված նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որ այսօր այն ինչ կատարվում է քեսաբահայության հետ, 21-րդ դարի մարտահրավեր է, այնուհետեւ ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Սիրիա եւ այնտեղ են այդ պահին: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել: Քեսաբահայության խնդիրը ես քննարկել եմ Հունաստանի դեսպանի հետ: Այս խնդիրը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում: Բավարարվենք այսքանով»,- այսօր` մարտի 27-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք դրամական օգնություն տրվելու է եւ արդյոք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ քեսաբահայերի հարցը քննարկվել է:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա: