Քաղաքացիական նախաձեռնությունների հետ երկխոսության գնալու համար իշխանությունները քաղաքական որեւէ ուժի միջնորդության կարիքը չունեն: Այս մասին այսօր` մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունները մշտապես պատրաստ են երկխոսության քաղաքացիական նախաձեռնությունների հետ, այդ թվում «Դեմ եմ» շարժումի, եւ այդ երկխոսության համար քաղաքական որեւէ ուժի միջնորդության կարիքը չունենք»,- ասաց նա` անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, թե իշխանություններն ինչու են «Դեմ եմ»-ին երկխոսության հրավիրում եւ ոչ թե հենց քաղաքական ուժերին:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին հրավիրեց երկխոսության: Հրավերին ի պատասխան` շարժման մասնակիցները նշեցին, որ կգնան երկխոսության միայն այն դեպքում, եթե վերացվի օրենքի պարտադիր բաղադրիչը:




























