Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չփոխի Ռուսաստանի քաղաքական կուրսը, ապա ոչ մի հնարավորություն չկա, որ այդ երկիրը կվերադառնա G8: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Բարդությունն այն է, որ թեեւ մեր բոլոր ջանքերին, որպեսզի Պուտինին գործընկեր դարձնենք, նա բոլորովին չի ցանկանում գործընկեր լինել: Նա ուզում է մրցակից լինել»,-ասել է Հարփերը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Անձամբ ես այս կոնկրետ դեպքում խոսում եմ բացառապես Կանադայի անունից՝ Պուտինի համար ոչ մի հնարավորություն չեմ տեսնում վերադառնալ G8-ի սեղանի շուրջ, եթե Ռուսաստանը սկզբունքորեն չփոխի իր ներկա կուրսը»,-ընդգծել է Կանադայի վարչապետը, հաղորդում է LB.ua-ն:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին G7-ի երկրները (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա եւ Ճապոնիա) սառեցրել են Սոչիում նախատեսված G8-ի նախապատրաստական աշխատանքները եւ դատապարտել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի տարածքում:
Ավելի վաղ այս շաբաթ 7 առաջատար երկրների առաջնորդները պայմանավորվել են դրա փոխարեն հանդիպել Բրյուսելում հունիսին:




























