ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իտալիա կատարվող իր այցի ընթացքում, մամուլի ասուլիսում գովասանքի խոսքեր է ուղղել Իտալիայի եւ Եվրոպայի հետ ԱՄՆ-ի գործընկերությանը եւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հարցում դիրքորոշման միասնականությանը, ինչպես նաեւ ողջունել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային տրամադրվելիք օժանդակության փաթեթի շուրջ որոշումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հռոմում նախագահ Օբաման «դեպի առաջ կատարված հսկա քայլ» է անվանել Ուկրաինային միջեւ 18 միլիարդ դոլար տրամադրելու մասին ԱՄՀ-ի կողմից կայացված որոշումը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Ուկրաինայի տնտեսության կայունացմանը, կծառայի Ուկրաինայի ժողովրդի կարիքներին եւ կնպաստի երկրի տնտեսության աճին նույնպես, ինչպես դա կատարվել էր Լեհաստանում:

ԱՄՀ-ի կողմից ձեռնարկված քայլը «Ուկրաինային ուղղված հստակ քայլ» անվանելով՝ նախագահ Օբաման նշել է նաեւ, որ Ուկրաինայի նոր կառավարությանը նման օժանդակությունը կընձեռի անհրաժեշտ բարեփոխումների իրականացման եւ կոռուպցիան անցյալում թողնելու հնարավորություն:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը՝ Միացյալ Նահանգների նախագահը վերահաստատել է Ռուսաստանի նման քայլի նկատմամբ միջազգային համայնքի կողմից դատապարտումը, հույս է հայտնել, որ Ռուսաստանն այս խնդիրը կկարգավորի խաղաղ եղանակով՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կանի հնարավորին ամեն ինչ՝ Ուկրաինային եւ Ուկրաինայի ժողովրդին օժանդակություն ցուցաբերելու համար: