Ղրիմի Ռադայի պաշտոնական կայքում անձանց ցուցակ է հրապարակվել, որոնք «անցանկալի անձ» են հայտարարվել Ղրիմի տարածքում: Ցանկում կա 320 ուկրաինացի գործիչների անուն:

«Պերսոնա նոն գրատա» են հայտարարված, փաստացի Ուկրաինայի նոր խորհրդարանական մեծամասնության բոլոր պատգամավորները («Բատկիվշչինա», «ՈՒԴԱՐ» եւ «Ազատություն»), ինչպես նաեւ նրանց աջակցող խմբերը («Ինքնիշխան եվրոպական Ուկրաինա» եւ «Տնտեսական զարգացում»), հաղորդում է Liga.net-ը:

Ցանկում են նաեւ Ուկրաինայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Գերագույն Ռադայի խոսնակ, նախագահի պաշտոնակատար  Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին, Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության պետ Վալենտին Նալիվայչենկոն, ՆԳ նախարար Արսեն Ավակովը, սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան, արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, ենթակառուցվածքների նախարար Մաքսիմ Բուրբակը, ինչպես նաեւ Ղրիմում նախագահի արդեն նախկին մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կունիցինը:

Նրանց մեծ մասը, մարտի 15-ի դրությամբ եղել են պատգամավորներ եւ քվեարկել են Ղրիմի խորհրդարանը ցրելու օգտին:

«Անցանկալի անձանց» ցուցակում բացի Ավակովից, ներառված են նաեւ Վիլեն Շատվորյանի եւ Նվեր Մխիթարյանի անունները: