«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ի այլընտրանքային դրսեւորումները նորանոր երանգներ են ստանում։ ԲՀԿ-ին թերեւս չեն բավարարում քաղաքական ոչ իշխանական դաշտն իր շուրջը հավաքելու փորձերը, եւ փորձում է համախմբել նաեւ հասարակության մյուս շերտերին, մասնավորապես՝ կռված տղաներին։ Կուսակցության երկու պատգամավորներ՝ Ռուստամ Գասպարյանը եւ Ռուբեն Գեւորգյանը, երկու օր առաջ այլընտրանքային ԵԿՄ են ստեղծել եւ դա անվանել Ազատամարտի նվիրյալների միություն: Այս անվանումը կրող հասարակական կազմակերպությունն արդեն գրանցել են Պետռեգիստրում: Այն չի ունենա ղեկավար։ Թեեւ Ռուստամ Գասպարյանն ասում է, որ դա այլընտրանքային ԵԿՄ չէ, եւ նման կազմակերպություն դեռ երկու տարի առաջ են ցանկացել ստեղծել, բայց նրա պարզաբանումները հակառակի մասին են վկայում։

Պարոն Գասպարյան, ի՞նչ միություն է, ովքե՞ր են այնտեղ, ի՞նչ խնդիր եք ցանկանում լուծել։

Այստեղ մարդիկ են, որոնք այսօր դուրս են մնացել ուշադրությունից, որոնք վիճակ չունեն, ֆինանս, ուժ։ Նաեւ դա բխում է այսօրվա  ռազմաքաղաքական իրավիճակից, որ պատերազմը կարծես վերջացել է, բայց չի վերջացել, համարյա ամեն օր զոհեր կան։

Քանի՞ մարդ կա կազմակերպությունում, եւ ի՞նչ պետք է անեն նրանք։

Ճիշտն ասած՝ չեմ հաշվել դեռ, եւ, ընդհանրապես, բոլոր հարցերի պատասխանները կներկայացնենք մեր համագումարին, որը նախատեսում ենք երեւի մեկ ամսից։ Դեռ հավաքագրում ենք եւ այսպիսի հարցերով զբաղվում:

Պարոն Գասպարյան, եթե չեմ սխալվում, Դուք ԵԿՄ անդամ եք, ԵԿՄ-ն դեռ կա, չէ՞, չի՞ նշանակում, որ այլընտրանքային ԵԿՄ եք ստեղծում, քանի որ, ինպես Ձեր ասածից հասկացվեց, այդ կառույցը չի կարողանում իր առջեւ դրված խնդիրները լուծել։

Չէէէ, ես այդպես չէի ասի, այստեղ մարդիկ են, որոնք ոչ միայն ԵԿՄ-ից հեռացել են, այլեւ դուրս են մնացել, մեր տղաներն են, հիմնական մասը ԵԿՄ-ից դուրս մնացածներն են։

Այսինքն՝ ԵԿՄ-ից նեղացածները, ԵԿՄ-ում տեղ չգտածները, բա չեղա՞վ ընդդեմ ԵԿՄ-ի։

Ես ԵԿՄ անդամ եմ, ԵԿՄ-ն ստեղծեց Վազգեն Սարգսյանը, ԵԿՄ-ն մեր կյանքն ա, ես առաջին վարչության անդամ եմ եղել, այնպես որ, ընդդեմ Երկրապահի չէ։ Ուղղակի մարդիկ են, որոնք անտերության են մատնվել...»։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում