ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեւասկա քաղաքի 15-ամյա մի աղջիկ իր դպրոցից դատարանի միջոցով ստացել է 70 հազար դոլար։
Հաղորդվում է, որ 2012թ. Ռայլի Սթրեթոնը տան համակարգչից Facebook սոցցանցի իր էջում գրառում էր կատարել՝ իր ուսուցիչներից մեկի օգնականուհու վերաբերյալ իր բացասական վերաբերմունքի մասին։ Իմանալով այդ մասին՝ դպրոցի ղեկավարությունը աղջկան պարտադրել էր ներկայացնել իր գաղտնաբառը, եւ աղջկա ներկայությամբ նայել էին անձնական էջը։ Աղջկան պատժել էին՝ մի քանի օրով հեռացնելով դասերից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նրանք ծնողների գրավոր թույլտվությունը չեն ունեցել, ինչպես որ պահանջում է կարգըը։ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը Սթրեթոնի անունից դիմել է դատարան եւ շահել դատը։
«Դպրոցի ղեկավարությունը Ռայլիին պատժել է այն բանի համար, ինչով զբաղվում են բոլոր երեխաները. նա պարզապես ընկերներին բողոքել է ուսուցիչներից։ Նա ոչ մեկի ոչ մի վատ բանի չի դրդել, պարզապես իր զգացմունքներն է հայտնել», — նշել է իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչը։
Արդյունքում դպրոցի ղեկավարությունը ստիպված է եղել Սթրեթոնին 70 հազար դոլար վճարել։




























