Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 28-ին, կքննի «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքը: Ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները արդեն շտապում են ՍԴ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի ցանկանում խոսել սպասելիքներից: «Գնում ենք հաղթելու համար»,-ասաց ՀՅԴ-ականը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուիխանյանը եւս չցանկացավ խոսել՝ նշելով, որ փաստը տեղի կունենա, կմեկնաբանեն:
Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ այսօր որեւէ բան տեղի չի ունենա, ընդամենը իրենք այսօր պիտի նայեն, թե որքան կլինի իրենց վրա ճնշումը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ ՍԴ-ն քաղաքական որոշում կկայացնի՝ պատվիրված իշխանությունների կողմից: «Դա կախված է, թե ինչպես կլինի իշխանությունների հաշվարկը, իրենք նպատակահարմար կգտնեն կես քայլ ետ անել, թե մինչեւ վերջ առաջ գնալ: Դատելով Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարարություններից՝ կարծես հակված են կես քայլ հետ անել»,- նշեց «Ժառանգության» փոխնախագահը:
Նշենք, որ այսօր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 12:30-ին հավաքվելու է Սահմանադրական դատարանի մոտ: Ակտիվիստները չեն մասնակցելու մարտի 28-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքին:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ:




























