Բելգիայի խորհրդարանում անկախ պատգամավոր Լորան Լուին, որը Ներկայացուցիչների պալատում հայտնի է իր սկանդալային վարքով, երկրի վարչապետ Էլիո Դե Ռուպոյին հրապարակավ մանկապիղծ է կոչել:
«Շնորհակալություն, պարոն մանկապիղծ, շնորհակալություն պարոն վարչապետ»,-ասել է նա ի պատասխան վարչապետի պարզաբանումների՝ կապված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Բրյուսել կատարած այցի արժեքի հետ:
Հաղորդվում է, որ այդ քայլից հետո պատգամավորների մոտ կեսը լքել է դահլիճը, իսկ Պալատի նախագահ Անդրե Ֆլաոն ստիպված է եղել ընդհատել նստաշրջանն ու Լորան Լուիին մինչեւ նիստի ավարտը զրկել ձայնի իրավունքից: Ի նշան բողոքի, վերջինս դուրս է եկել դահլիճից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նշենք, որ իր նույնասեռական կողմնորոշումը չթաքցնող Էլիո Դի Ռուպոն շնորհակալություն է հայտնել պատգամավորներից՝ համերաշխության ժեստի համար: 1990-ական թվականներին նրա դեմ մանկապղծության կեղծ մեղադրանքներ էին առաջադրվել:
Ինչպես նշում են բելգիական լրատվամիջոցները, նախընտրական արշավի մթնոլորտում վարչապետը լավ թիրախ է դառնում ծայրահեղ աջ քաղաքական գործիչների համար, որոնք հոմոֆոբիան որպես քաղաքական զենք են օգտագործում: 2013 թվականի վերջին Լորան Լուին արդեն ժամանակավորապես զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ նա մասնավոր զրույցներում Բելգիայի վարչապետին մանկապիղծ էր անվանել:
Նշենք, որ մարտի 25-ին The Guardian թերթը տվյալներ էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Բրյուսել այցն արժեցել է առնվազն 10 մլն դոլար:






























