Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ի կողմից ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Գ.-ն քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իրեն պատկանող վագոն-տնակում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, որը 2014 հունվարի 12-ին հայտնաբերվել էր ոստիկանության ծառայողների կողմից:

Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Քրեական գործով տեղեկություններ ձեռք չեն բերվել ատրճանակը պատրաստողի, պահողի եւ Գ. Գ.-ին իրացնողի` ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսանալու մասին, ուստի քրեական գործից անջատվել է անհայտ անձի կողմից ատրճանակ պատրաստելու, պահելու եւ իրացնելու վերաբերյալ քրեական գործի մասը եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննությունը շարունակելու համար: