Սահմանադրական դատարանը հայցը քննելիս տարբեր կազմակերպություններից մի շարք դիմումներ է ստացել, ինչպես նաեւ ուսումնասիրել է կենսաթոշակային կուտակային համակարգի ոլորտում 50 երկրների փորձը, նման հարցեր քննելիս այդ երկրների Սահմանադրական դատարանների փորձը: Այս մասին մարտի 28-ին ՍԴ նիստում հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ գործի ուսումնասիրության ընթացքում Սահմանադրական դատարանը պատասխանող կողմ Կենտրոնական բանկից պահանջել եւ ստացել է 53 փաստաթուղթ: Ներկայումս հայցվոր կողմը՝ ի դեմս փաստաբան Մերի Խաչատրյանի, ներկայացնում է հայց, պահանջ եւ հիմնավորում:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսել է «Կուտակային կենսաթոշակների մասին» աղմկահարույց օրենքի մի շարք դրույթների վիճարկման վերաբերյալ գործի լսումները: Մի շարք դրույթների սահմանադրական լինելու վերաբերյալ վիճարկման հայցը ներկայացնում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Մերի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից պահվում է 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որը տնօրինելու են մասնավոր հիմնադրամները:




























