«Հարսնաքարի գործով»  դատաքաննության ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Օրերս Կարեն Անդրեասյանին է դիմել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով մարտի 24-ին Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ քրեական գործով դատավճռի հրապարակման ժամանակ եւ դրանից հետո իր հասցեին հնչած անհարգալից եւ սպառնալից խոսքերի վերաբերյալ: Ցավալի է, որ այդպիսի դեպքերը եզակի բնույթ չեն կրում: Վերջերս, Լյուքս Ստեփանյանի մահվան վերաբերյալ գործին մասնակցող փաստաբանի հետ եւս տեղի է ունեցել նմանատիպ միջադեպ:

Մարդու իրավունքների պաշտպանն իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաեւ դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:

Դատական նիստերի դահլիճում մարդկանց հրապարակայնորեն վիրավորելն ու սպառնալն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց դատարանի նկատմամբ, ինչի համար նախատեսված է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն:

Դատական նիստերին լրագրողների, փաստաբանների եւ այլ անձանց մասնակցությունը մրցակցային դատավարության, գործերի քննության հրապարակայնության կարեւորագույն սկզբունքների տարրն է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ճնշումների ցանկացած դրսեւորում եւ ակնկալում է թե՛ ոստիկանության եւ թե՛ դատական կարգադրիչների ծառայության առավելագույն զգոնությունն ու պատրաստակամությունը»:

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի գործով» դատավճռի արձակումից հետո ամբաստանյալների հարազատները հենց դատարանի դահլիճում սկսել էին հայհոյել թե դատարանին, թե մահացած Վահե Ավետյանի կնոջը: