ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին զուտ դիվանագիտական առումով ճիշտ կլիներ, որ Հայաստանը ձեռնպահ քվեարկեր կամ չքվեարկեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Եթե մենք կողմ ենք քվեարկում տարածքային ամբողջականությանը, դա նշանակում է, որ պետք է կողմ քվեարկենք նաեւ Ադրբեջանի, այսպես ասած, տարածքային ամբողջականությանը, այսինքն՝ տվյալ դեպքում դեմ ենք քվեարկում ազգերի ինքնորոշման սկզբունքին: Իհարկե, զուտ շահերի առումով մենք պետք է ավելի շատ ազգերի ինքնորոշման սկզբունքին կողմ լինենք, ինչի տենդենցը աշխարհում այս պահին շատ բուռն զարգանում է: Մեզ ձեռնտու է ազգերի ինքնորոշման սկզբունքը, որովհետեւ մենք ունենք Ղարաբաղի խնդիր, բայց զուտ դիվանագիտական առումով ճիշտ կլիներ կամ չքվեարկելը, կամ ձեռնպահ քվեարկելը, ինչը վերաբերյալ արդեն տեղեկատվական արտահոսք էր եղել: Երբ արտահոսքը եղել էր, պետք էր այդպես վարվեր,- նշեց Կարեն Քոչարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ամեն դեպքում Հայաստանը որոշեց դեմ քվեարկել, միթե չէին հասկանում դրանից բխող վտանգները, Կարեն Քոչարյանն պատասխանեց. որ մի բան է հասկանալը, մի բան է կարողանալը: «Կկարողանան, թե ոչ, սա է խնդիրը»,-նշեց փորձագետը:
Իսկ թե այս որոշումը ինչպես կազդի հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, Կարեն Քոչարյանը վստահ է, որ ոչ մի ձեւ էլ չի ազդի, կբորբոքվեն, բայց ոչ մի բան էլ չի լինի: «Քանի որ հայ-ուկրաինական անմիջական շահերի բախում չկա, դա ոչ մի հետագա հետեւանքներ չի թողնելու»,- ասաց փորձագետը:
Հայաստանի դիրքերը, նրա խոսքով, միջազգային ասպարեզում առանց այն էլ բավականին թուլացել են, «թե ինչպես կքվեարկեն ու դրանից հետո ոնց կվերաբերեն, դա չի էականը, էականն այն է, թե մենք մեզ ինչպես ենք պահում ընդհանուր միջազգային տարբեր շփումներում եւ պայմանավորվածություններ պահելու շուրջ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























