Հայցվոր կողմը Հայաստանի ՍԴ-ին խնդրում է հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ ու 7-րդ հոդվածները, ինչը բխում է Հայաստանի Սահմանադրության 3, 6, 14.4, 42, 117 հոդվածներից: Այս մասին Սահմանադրական դատարանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է հայցվորների փաստաբան Մերի Խաչատուրյանը: Ըստ նրա՝ տարիքային սահմանափակում անելով՝ «Կուտակային կենսաթոակների մասին» օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 6 եւ 14,1 հոդվածներին. «Առկա է խտրականություն՝ տարիքի, սեփականության ու ամսական աշխատավարձից կուտակելու տեսանկյուններից: Իսկ 1974թ հունվարի մեկից հետո ծնվածները   2014-ի հունվարի մեկից միչեւ կենսաթոշակի անցնելը ժամանակ չունեն, որպեսզի անհրաժեշտ չափի կենսաթոշակ կուտակեն»: Ներկայումս հայտարարված է ընդմիջում:

Նշենք, որ վերոհիշյալ օրենքի մի շարք դրույթների վիճահարույց լինելու վերաբերյալ հայցը ներկայացրել են ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատուրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում: