Հայաստանը ճիշտ է վարվել՝ Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցների ժամանակ: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար ազգային շահերն ավելի ապահով են, քան որոշ երկրների կողմից քարոզվող «համամարդկային արժեքները», քանի որ երբ հարցը վերաբերում է Հայաստանին ու հայերին, այդ արժեքները միանգամից դադարում են գործել: «Մեր շահերից է բխում ճանաչել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, որը Ղրիմում ակնհայտորեն կայացել է»,-ընդգծել է Հակոբյանը:
Ըստ նրա՝ նույն Ուկրաինան, հատկապես ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակներում, միշտ էլ արտահայտել է դիրքորոշում՝ ոչ ի շահ ԼՂ-ի: «Եվ Ուկրաինան, եւ Եվրոպան տեսնում են, թե ինչ է կատարվում Ղարաբաղում: Այդ դեպքում ինչպե՞ս է Եվրոպան ճանաչել Կոսովոյի անկախությունը: Չնայած հենց նույն Արեւմուտքը խոստովանում է, որ Ղարաբաղն ավելի կայացած պետություն է»,-ընդգծել է ընդդիմադիրը: Նա ընդգծել է, որ լիովին նույնացնել Ղարաբաղի ու Ղրիմի իրավիճակը չի կարելի, սակայն զուգահեռը հստակ է՝ երկու դեպքերում էլ հարցը լուծվել է հանրաքվեի ժամանակ ազատ կամարտահայտմամբ:
«Չնայած որ Հայաստանը կարող էր զերծ մնալ քվեարկությունից, սակայն «դեմ» ու «ձեռնպահ» քվեարկելու միջեւ տարբերությունը այնքան էլ մեծ չէ: Այսպես թե այնպես, եթե ձեռնպահ ես, ուրեմն կողմ էլ չես: Ինձ համար տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը «կողմ» քվեարկեր՝ հաշվի առնելով վերեւում ասածս»,-ընդգծել է Հակոբյանը:



























