ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին ճիշտ կլիներ, որ Հայաստանը ձեռնպահ քվեարկեր, ինչը չեղավ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Նա նշեց, որ Հայաստանը հերթական անգամ ցույց տվեց Ռուսաստանի շահերը պաշտպանելու իր դիրքորոշումը եւ այդ առումով որեւէ բան չի փոխվել: Միեւնույն ժամանակ, Մանվել Սարգսյանն ասաց, որ այս անգամ ՄԱԿ-ում անորոշ վիճակ է, մեծ քանակով երկրներ ձեռնպահ են մնացել, այսինքն՝ նոր պրոցեսներ են գնում աշխարհում: «Չինաստանի, Ղազախստանի նման խոշոր պետություններ չեն մասնակցել, չեզոք են մնացել, իսկ Հայաստանը չգիտես ինչու որոշել է ավելի կոնկրետ պաշտպանել Ռուսաստանին: Հայաստանում ոչ միայն իշխանությունները, այլեւ բոլոր կուսակցությունները չեն ուզում Ռուսաստանին դեմ գնալ եւ դիրքորոշում հայտնել, չգիտեմ՝ ինչից է՝ վախից է, անտարբերությունից է»,-ասաց քաղաքագետը:
Նա միաժամանակ հիշեց, որ ՄԱԿ-ում մի շարք բանաձեւերի վերաբերյալ Ուկրաինան դիրքորոշում է հայտնել՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ Հայաստանի այս քայլին Ուկրաինան գնահատական կտա: «Չեմ կարծում, որ լեզու չեն գտնի, Ուկրաինան լավ է հասկանում Հայաստանի դիրքորոշման պատճառները: Կտրուկ հարաբերությունների վատացման պրոցես չի գնա»,- ասաց Մանվել Սարգսյանը:
ՌԱՀԿ տնօրենը նշեց, որ «աշխարհում նոր պրոցեսներ են ընթանում եւ արդեն նույն հարցի շուրջ կարծիքներն այնքան են կիսվում եւ այնքան սուր չի ընկալվում այս ամեն ինչը, ինչպես 2008թ էր». «Այդ ժամանակ Կոսովոյի շուրջ միանշանակ էր ընդունվում այս կամ այն ճամբարում գտնված երկրների դիրքորոշումը, հիմա մի քիչ այդպես չէ, շատ խոշորացել է միջազգային սկզբունքների, իրավունքի շուրջ վեճերը: Կախված քվեարկությունից՝ չես կարող ասել՝ դիրքորոշումը միանշանակ ինչպիսին է, պրոցեսը առաջ է գնում ու չեմ հասկանում՝ ճիշտն ու սխալը որն է»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:



























