Իշխանության քաղաքական դալտոնիկները ցանկանում են Հայաստանը մաս-մաս սեփականաշնորհել, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ մարտի 28-ին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Երեւանի վճարովի ավտոկայանատեղիներին: Նա նշել է, որ կուսակցությունը միայն կողմ է քաղաքակիրթ ավտոկայանատեղիներին:  Խնդիրն այն է՝ ինչ միջոցներով են ցանկանում դրան հասնել:

«Անհասկանալի է՝ ինչու է մասնավոր հատվածը ստանում նման եկամտաբեր բիզնես: Օրենքի հեղինակներն այդպես էլ չբացատրեցին», – նկատել է Հակոբյանը: Իշխանությունը, հավելել է նա, ցանկանում է Հայաստանը մաս-մաս սեփականաշնորհել՝ այս պահի օգուտից այն կողմ ոչինչ չտեսնելով: «Դրանում են տեսնում իրենց «ապահով Հայաստանը», որի մասին խոսում էին ընտրություններից առաջ»,- ամփոփել է ընդդիմադիրը:

Հիշեցնենք, 2013թ. հուլիսի 1-ից Երեւանում գործում է վճարովի ավտոկայանատեղիների համակարգը, որը կառավարում է «Փարքինգ սիթի սերվիս» մասնավոր ընկերությունը: Սա բնակիչների դժգոհությունն էր հարուցել. Մեքենաներն առեւանգումից ոչ մի կերպ պաշտպանված չեն, բացի տեսախցիկներից, բայց վճարման պահանջները միանգամայն կոշտ են: