Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը լրացուցիչ բեռ կդառնա Հայաստանի բյուջեի համար, քանի որ պետական բյուջեից կվճարվի մինչեւ 25 հազար դրամ յուրաքանչյուր այն քաղաքացիների համար, որոնց վրա տարածվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5 ու 7 կետերը: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ հայտարարել է հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ներկայացնելով միջազգային փորձը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ, Մինասյանն ընդգծել է, որ ժամանակին Արգենտինան ու Բուլղարիան հրաժարվել են այդ համակարգից, բազմաթիվ երկրներ, անգամ՝ Զիմբաբվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց երկու տարի անց չեղյալ հայտարարեց այն: Մինասյանը հավելել է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ նվազեցրել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շեմը:




























