Պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինացի ժողովրդին կոչ է արել Ուկրաինայի բոլոր մարզերի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել: Այս մասին ասված է Ռեգիոնների կուսակցության համագումարի ժամանակ նրա ուղերձում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Որպես նախագահ, որը մտքով ու հոգով ձեզ հետ է, կոչ եմ անում յուրաքանչյուր առողջ դատողությամբ ուկրաինացու՝ ինքնակոչներին թույլ մի տվեք օգտագործել ձեզ: Հանրաքվեի անցկացում պահանջեք Ուկրաինայի յուրաքանչյուր մարզի համար», - ասված է Յանուկովիչի ուղերձում:
Միայն համաուկրաինական հանրաքվեն, այլ ոչ թե նախագահական արտահերթ ընտրություններն են ունակ կայունացնել քաղաքական իրավիճակն ու պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կարծում է Յանուկովիչը:
Օրենսդրությունում հակասահմանադրական փոփոխությունները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին, բացառում է արդար ընտրությունների անցկացումը՝ երբ էլ որ դրանք կայանան, վստահ է նա:
«Ներկայիս այսպես կոչված իշխանությունը օրենքների փաթեթ է ընդունել, որն ուղղակիորեն խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը: Այդ օրենքները «մայդանի» ճնշման տակ են ընդունվել: Շատ պատգամավորներ եւ նրանց ընտանիքները բռնության են ենթարկվել, մշտական սպառնալիքների մասին էլ չասած», - ասված է ուղերձում:
Նա նաեւ Ուկրաինայի վերջին ամիսների դեպքերը պետական զինված հեղաշրջում է անվանել՝ իրագործված ընդդիմության կողմից, արեւմտյան որոշ պետությունների աջակցությամբ:
«Միանգամայն տրամաբանական է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ծավալվող բողոքը խիտ բնակեցված արդյունաբերական երկրամասի բնական արձագանքն է պետական հեղաշրջմանը», - հայտնել է նա:
«Մայդանի առաջնորդներն իշխանության եկան նացիստական գրոհայինների ուսերին նստած, - ընդգծել է Յանուկովիչը: - Փառքի եւ արյան համն զգացած հազարավոր երիտասարդներ սկսեցին շրջել Ուկրաինայի բոլոր մարզերով՝ փորձելով հաստատել «նոր կարգուկանոն՝ զբաղվելով թալանով, սպանություններով, դիակապտությամբ, նաեւ մայդանի ներքին մրցակից կլանների պատվերները կատարելով»:
«Այդ զինված «հարյուրյակները» եւ պետական գործընթացները ոչ ադեկվատ կառավարելը նույն պահին ստացան ժողովրդի արձագանքը՝ Ուկրաինան կորցրեց Ղրիմը», - հայտարարել է Յանուկովիչը:




























