Հայաստանում առաջիկա օրերին ցրտահարություններն անխուսափելի են: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ԱԻՆ-ի «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ մարտի 27-ին, Բարենցի ծովի ջրերում արկտիկական ճակատ է ձեւավորվել, որի ճանապարհն անցնում է դեպի հարավ, այսինքն դեպի Փոքր Ասիա եւ Կովկաս: Այս պահին այն Ռուսաստանի տարածքի եվրոպական մասում է եւ շարժվում է Սեւ ծովի ուղղությամբ:

Սուրենյանը նշել է, որ վաղը՝ մարտի 29-ին, Հայաստանը կհայտնվի սառը օդային զանգվածների ազդեցության տակ. Հանրապետության շատ մարզերում տեղումներ կլինեն, քամու արագությունը որոշ հատվածներում կհասնի 30 մ/վրկ.-ի: Այդուհանդերձ, օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կմնա:

Սակայն մարտի 30-ի առավոտյան ժամերին օդի միջին ջերմաստիճանը կսկսի նվազել: Երկրի մեծ մասում սպասվում է թաց ձյուն, այդ թվում Արարատյան դաշտում, որտեղ ծաղկել են մրգատու ծառերը:

Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը, ինչպես նաեւ մարտի 31-ից ապրիլի 1-ը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Այսպիսով, ըստ Սուրենյանի, Արարատյան դաշտում, ինչպես նաեւ Լոռիի, Տավուշի եւ Սյւոնիքի մարզերում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4 աստիճան, իսկ գետնի մակերեւույթին՝ -5-6 աստիճան ցուրտ:

Ապրիլի 1-ին օրվա երկրորդ կեսին օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, եւ ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրանալ 8-10 աստիճանով:

«Ապրիլի 3-ից օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում»,-ամփոփել է նա: