Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահ է, որ Ուկրաինայում նախկին օրինական իշխանության անկումը ծրագրված էր Արեւմուտքի կողմից ու սա նման սցենարների առաջին օրինակը չէ:

«Մենք գիտենք, որ Ուկրաինայի ապագան արդեն վաղուց որոշվում է դրա սահմաններից դուրս ու ոչ այնքան ժողովրդավարական ուղիներով: Ուկրաինան նման սցենարների առաջին դեպքը չէ»,-ասվում է Յանուկովիչի ուղերձում՝ ուղղված ուկրաինացիներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա նաեւ վստահ է, որ ուկրաինացիների «մեծ մասը հնարավորություն չունի իմանալու երկրի ամբողջ տարածքում տիրող կյանքի պատկերը, որին բնորոշ են անարխիան, բռնությունները ու մոտեցող տնտեսական աղետը»:

Նա նշել է, որ շատ ջանքեր պետք է գործադրվեն՝ հասարակության բնականոն կյանքը հունի մեջ գցելու համար: Քաղաքական գործիչը խնդրել է հանել իրեն Ռեգիոնների կուսակցությունից: