Տավուշի մարզի Մովսես գյուղի 56-ամյա բնակիչ Ա. Բադալյանը հովիվ էր եւ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել հենց ոչխարներին հանդ տանելու ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

«Անհատական հովիվ էր, այդ օրը գնացել է հանդ, կրակ է վառել, երեւի վատ է զգացել, ընկել է կամ քնել ու այրվել, գուցե ինսուլտ է խփել: Առավոտյան տեսնողներին ասել է, թե վատ է զգում, հետո այդ տարածքում փայտեր կային, դրանից ենք ենթադրում»,- ասաց գյուղապետը:

Նա շեշտեց, որ սա ոչ սպանության, ոչ էլ ինքնասպանության դեպք է, «քանի որ անշառ տղա էր, գյուղացի մարդ, իր համար ապրում էր»:

Գյուղապետը տեղեկացրեց, որ Ա. Բադալյանը ամուսնացած է, ուներ 4 երեխա, երկու դուստրերն ամուսնացած են, ավագ որդին բանակից գալուց հետո խեղդվել է լճում, իսկ կրտսեր որդին զինծառայող է, ծառայում  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ամռանը պետք է զորացրվի:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսես գյուղի «Կիլի թալա» կոչվող հանդամասում տղամարդու դիակ է հայտնաբերվել, որը կիսայրված վիճակում է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ նա նույն գյուղի 56-ամյա բնակիչ Ա. Բադալյանն է:  Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում  հայտնել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: