Ցանկացած մեխանիզմ ներդնելիս անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության կարծիքը, որը չի արվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ՍԴ նիստում հայտարարել է հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՍԴ անդամ Կիմ Բալայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ իրենք կողմ են համակարգի ներդրմանը, բայց ոչ այն եղանակով, ինչպես առաջարկում է կառավարությունը:
«Ոչ, մեզ համար անընդունելի է այդ պարտադիր ձեւը եւ փոխանցումների այդ չափը»,-ասել է Մինասյանը:
Իր հերթին, ՍԴ մեկ այլ անդամ՝ Ֆելիքս Թոխյանը, նշել է, որ ի սկզբանե ՍԴ-ի հետ հարաբերություններում վիճելի է եղել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածը, սակայն նիստում հայցվող կողմը կենտրոնացել է երեք հոդվածների վրա, որոնք վերաբերում են բարեփոխման պարտադիր բաղադրիչին: Ի պատասխան Արծվիկ Մինասյանը պարզաբանել է, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրան ավելացել են լրացուցիչ դրույթներ. «Մենք ավելացրել ենք եւ ոչինչ չենք պակասեցրել»:
ՍԴ նիստում ընդմիջում է հայտարարվել մինչեւ ժամը 15.00-ն:




























