Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը հրաժարվում է մասնակցել վարչապետի հետ մարտի 28-ին հրավիրված հանդիպմանը եւ առաջարկում է քննարկումների այլ ձեւաչափ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունից:
Նրանք նշեցին, որ երեկ՝ մարտի 27-ին իրենց տեղեկացրել են, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ մարտի 28-ին, բնապահպաններին հրավիրում է քննարկել բնապահպանական հիմնախնդիրներ, ինչպես այդ մասին տեղեկացրել էր պատասխանատու հանքարդյունաբերության մասին վերջերս կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում:
«Թեղուտի եւ որոշ այլ հիմնախնդիրների առնչությամբ սկզբունքորեն կողմ լինելով ցանկացած մարմնի հետ կառուցողական համագործակցության գաղափարին՝ այնուհանդերձ մենք անընդունելի ենք համարում հանդիպման ձեւաչափի եւ օրակարգի բացակայությունը: Ըստ էության կազմակերպվում է տեղեկատվական-խորհրդատվական մի անհասկանալի հանդիպում՝ ոչ մի բանի մասին»,- ասված է նրանց հայտարարության մեջ:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը վարչապետին հիշեցրել է, թե նախորդ հանդիպումների, քննարկումների արդյունքում ինչ արդյունքներ են արձանագրել եւ շեշտել, որ մինչ օրս վարչապետի հերթական նախաձեռնողականության հարցի շուրջ բացարձակապես որեւէ բան չի արվել:
«Որպես քննարկման ձեւաչափ ենք առաջարկում ոչ թե զրույց-քննարկում ընդհանուր խնդիրների վերաբերյալ, այլ մեր կողմից առաջարկվող կոնկրետ հիմնախնդիրների (ի դեպ՝ այդ խնդիրների մեծ մասը մենք ներկայացրել ենք «Պատասխանատու հանքարդյունաբերություն» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին՝ մեր հայտարարության տեքստում) փաստարկված ներկայացում եւ դրանց լուծումներ տալու համար ողջամիտ ժամանակացույցի մշակում: Վարչապետի հետ խնդիրների լուծման ժամանակացույցի մշակման շուրջ քննարկումը պետք է լինի հրապարակային՝ զանգվածային լրատվամիջոցների եւ, ցանկության դեպքում, համապատասխան միջազգային կառույցների ներկայությամբ:
Եթե վարչապետը պատրաստակամություն կհայտնի այս առաջարկվող ձեւաչափով առարկայական քննարկումներ անցկացնել, ապա մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք այն հիմնախնդիրները, որոնց շուրջ պատրաստ ենք ծավալել հրապարակային քննարկում՝ սահմանելով խնդրի լուծման ողջամիտ ժամանակացույց: Հանդիպումից մեկ օր առաջ հրավերի մասին տեղեկացնելու եւ հստակ օրակարգի բացակայության պայմաններում կազմակերպվող հանդիպումը չի կարող լուրջ ընկալվել, ուստի մենք հրաժարվում ենք մասնակցել այդ հանդիպմանը»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:




























