Եվ Ղրիմի, եւ Ուկրաինայի հայերը պետք է հարգեն այդ ժողովուրդների ընտրությունը, մարտի 28-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ միայն նրա համար, որ հայերը միշտ հետեւում են այս սկզբունքին, հայ համայնքին նորմալ են վերաբերվում իրարից միանգամայն տարբեր երկրներ, օրինակ՝ Իրանն ու ԱՄՆ-ն:
Ռուստամյանը նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն դեմ քվեարկածներին, այլեւ ձեռնպահ մնացածներին: «Նրանք քիչ չէին՝ 58: Իսկ ձեռնպահ մնալը նույն է, ինչ դեմ քվեարկելը, բոլորը դա հասկանում են: Եթե բանաձեւը միանշանակ արդար լիներ, այն կաջակցեր ճնշող մեծամասնությունը: Այնինչ հակառակը եղավ», - ասել է Ռուստամյանը: Ըստ նրա՝ երկրների դիրքորոշումները ժամանակի ընթացքում կարող են նաեւ փոխվել, ինչպես որ Հարավային Օսիայում պատերազմի դեպքում: «Նախկինում գրեթե բոլոր երկրները այդ մասին խոսում էին՝ որպես ռուսական ագրեսիա: Հետո՝ որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Նույնկերպ էլ տեսակետները կարող են փոխվել նաեւ Ղրիմի դեպքում», - նշել է նա:
Մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի օրինականությունը, հավելել է նա, կասկածից դուրս է: «Թերակղզու բնակչության առնվազն 75%-ը ռուսներ են: Մի՞թե ինչ-որ մեկը կասկածում է, թե ի՞նչ ընտրություն նրանք պետք է անեին», - ընդգծել է Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, մարտի 27-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի էր ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձեւ էր ընդունվել 100 «կողմ», 11 «դեմ» եւ 58 «ձեռնպահ» արդյունքով: ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւերը սոսկ խորհրդատվական բնույթի են:




























