Ֆրանսիայից ժամանած փաստաբանները դերասան Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 27-ին, ընթացող դատական նիստին չեն մասնակցում, քանի որ դատարանը թույլ չի տվել թարգմանիչ Հասմիկ Խաչատրյանին ներգրավել դատական գործընթացին։ Դատախազը նշել է, որ թարգմանիչին հրավիրել է ոչ թե դատավորը, այլ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, հետեւաբար նա չի կարող ներգրավվել դատական գործընթացին։ Դատարանը որոշել է դիմել ՀՀ դատական դեպարտամենտին, որ թույլ տա այս գործով թարգմանիչ ներգրավել։ Փաստաբանները, որոնց դատարանը թույլ է տվել ներգրավվել դատական գործընթացին, նստած են դահլիճում, բայց այսօրվա նիստին որպես փաստաբան չեն մասնակցում։
Դատարանը որոշել է տուժող Արթուր եւ Հայկ Հակոբյանների բացակայությամբ շարունակել դատական նիստը։ Հիշեցնենք, որ եղբայրները ողբերգական վթարի հետեւանքով զոհված երկու երիտասարդ տղաների հայրերն են։ Այսօր դատական նիստից առաջ նրանք վիճել էին դերասանի փաստաբանների հետ, հուզվել ու վատացել, ինչից հետո նրանց տեղափոխել էին հիվանդանոց։ Դատական նիստին տուժող կողմից չի մասնակցում նաեւ Տաթեւ Հակոբյանը, որը բուժման նպատակով ՀՀ-ից բացակայում է :
NEWS.am-ի թղթակիցըհաղորդում է, որ դատարանի դահլիճը լեփ լեցուն է, դահլիճում նաեւ մեծ թվով կարգադրիչներ ու ոստիկաններ կան։
Դատական նիստի մեկնարկին Վարդան Պետրոսյանն ասել է, որ թեւ ինքը վատառողջ է, բայց կարող է մասնակցել նիստին։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հարցրել է, թե առողջական ինչ խնդիրներ ունի, ինչին դերասանը պատասխանել է, որ փայծաղը հեռացրել են, լյարդը վնասված է եւ այլն։ Այս խոսքերը լսելով՝ վթարի հետեւանքով մահացած Էդգար Հակոբյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, բարձր ծափահարել է։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Աննա Կարապետյանն իր հետ դատարանի դահլիճ է տարել մահացած երկու տղաների նկարները ու դրել դատարանի դահլիճում իր դիմաց։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























