Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից այսօր՝ մարտի 28-ին, դերասան Վարդան Պետրոսյանի դատական նիստից առաջ «Աբովյանի» հիվանդանոց տեղափոխված տուժող Հայկ Հակոբյանի, կնոջ՝ Աննա Կարապետյանի եւ Արթուր Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Աբովյանի» բժշկական կենտրոնից:
Նրանց փոխանցմամբ՝ իրենց մոտ տեղափոխվել է երեք հիվանդ՝ Արթուր եւ Հայկ Հակոբյանները, Աննա Կարապետյանը: Արթուր եւ Հայկ Հակոբյաններին նյարդերը հանգստացնող դեղեր են տվել, որեւէ առողջական խնդիր չկա, ընդամենը սթրեսային վիճակ է: «Չեն պառկի, սրտի, ճնշման խնդիր չկա, նյարդերը հանգստացնող դեղեր ենք տվել, վիճակը բավարար է»,- հայտնեցին հիվանդանոցից:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի գործով այսօր կայացած դատական նիստից առաջ միջադեպ էր եղել: Տուժողներ Աննա Կարապետյանի, նրա ամուսնու՝ Հայկ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր, «Շտապօգնություն» էին կանչել եւ տեղափոխել հիվանդանոց:




























