«Սվոբոդա» կուսակցությունը կարծում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն այժմ չպետք է հրաժարական տա, քանի դեռ ընթանում է ՈՒԳՌ-ի ժամանակավոր քննչական հանձնաժողովի քննությունը:  Այս մասին «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկն ասել է լրագրողներին, հայտնում է ՈՒՆՆ-ը:   

«Ներքին գործերի նախարարին փոխելը չի նշանակում, որ փոխել ենք ներքին գործերի ողջ համակարգը: Մնացել են նույն աշխատակիցների միջին եւ ստորին օղակները: Կարծում եմ՝ պետք է անցնի մեկ ամսից էլ ավելի, որպեսզի այս կառույցը մաքրվի գործակալներից,  կաշառակերներից եւ այն մարդկանցից, ովքեր չեն ցանկանում աշխատել հանուն Ուկրաինայի հասարակության շահերի», - նշել է Տյագնիբոկը:

«Երբ մեզ հայտնեն ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, դրանից հետո նոր եզրակացություն կանենք», - պատասխանել է նա Ավակովին արդեն հիմա պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցին:

Արսեն Ավակովի հրաժարականին դեմ է նաեւ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլեւը:

«Ավակովին Մայդանն է առաջարկել  ներքին գործերի նախարար: Միլիոններ գողացողները Ավակովին վարկաբեկելու գործողություն են սկսել», - նշել է Սոբոլեւը:

«Միայն ստեղծված հանձնաժողովի քննության արդյունքների դեպքում կարելի է որոշում կայացնել, այդ թվում նաեւ՝ հրաժարականի մասին», - ընդգծել է նա: