Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել Սպիտակ եւ Վանաձոր քաղաքի բնակիչներից, որ Միհրան Մելքոնյան անունով երիտասարդը հանդես է գալիս որպես կազմակերպության ներկայացուցիչ տարբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ ֆիզիկական անձանց շրջանում:

Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտապես խրախուսում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի բացահայտման, տարածման եւ ահազանգման գործում ՀՀ քաղաքացիների ակտիվությունը եւ նախաձեռնողականությունը:

Տվյալ դեպքում նշված անուն ազգանունով երիտասարդը ոչ միայն հանդես չի գալիս մարդու իրավունքների խախտումների բացահայտմամբ, այլեւ օգտագործում է կազմակերպության անունը, փաստորեն զբաղվելով ինքնիրավչությամբ իր գործողություններով ստվերում է կազմակերպության իրավապաշտպան գործունեությունը:

Հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման անուն ազգանունով կամավոր կամ կազմակերպության գործունեության մեջ այլ տարբերակով ընդգրկված անհատ չունի եւ չի լիազորել իր անունից հանդես գալու իրավասությամբ»: